11 ապրիլի 2018 - 15:37 AMT
«Գործարանն աշխատում է, աշխատավարձը ստանում ենք»․ «Արմենալի» վրա Դերիպասկայի դեմ պատժամիջոցները չեն ազդել

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» ընկերության մայր ձեռնարկություն «Ռուսալի» գլխավոր բաժնետեր Օլեգ Դերիպասկան հայտնվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության նոր «սև ցուցակում». արդյունքում, ռուսաստանյան «ՌԲԿ»-ի փոխանցմամբ, ընկերության բաժնետոմսերն անկում են ապրել 50%-ով:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանում «Ռուսալի» դուստր ձեռնարկություն «Արմենալի» մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքոնյանն ասաց, որ գործարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, չկա նաև աշխատավարձերի վճարման խնդիր:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ալյումինի ներմուծման համար մաքսատուրք սահմանելու հրամանագրին՝ Մելքոնյանն ասաց, որ դա նույնպես չի անդրադարձել գործարանի աշխատանքի վրա:

«Մենք ալյումինե ստվարաթուղթ ենք արտահանում ԱՄՆ, չենք կարծում, որ սա կանդրադառնա մեր արտադրանքի վրա», - ասաց Մելքոնյանը:

Թրամփի հրամանագրով ալյումինի ներմուծման համար սահմանվել է 10% մաքսատուրք: 2017 թվականին Հայաստանում 14%-ով ավելի շատ ալյումինե փայլաթիթեղ է արտադրվել քան 2016 թվականին. համապատասխանբար՝ 33.181 տոննա և 29.011 տոննա: Իսկ 2018 թվականին առաջին երկու ամսում 17,7%-ով ավելի շատ ալյումինե փայլաթիթեղ է արտադրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Արտադրանքի հիմնական մասն արատահանվում է ԱՄՆ: