Դպրոցականները ֆինանսական գիտելիքներ կստանան վարկերի, ավանդների, հարկերի մասին

Դպրոցականները ֆինանսական գիտելիքներ կստանան վարկերի, ավանդների, հարկերի  մասին

PanARMENIAN.Net - ՀՀ հիմնական և ավագ 13 դպրոցում ընթացիկ ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:

Նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում դպրոցների ուսուցիչների, կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցող ուսուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի համար նախատեսված հարկերով, աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով, հայտնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ներկայացված դիտարկումների և կարծիքների հիման վրա կատարել լրամշակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---