ՀՀ մտադիր է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին՝ PISA-ին

ՀՀ մտադիր է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին՝ PISA-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է:

Այն հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝ համապատասխան աստիճանում: Համակարգի գնահատումը կատարվում է 15 տարեկան սովորողների շրջանում գիտելիքների և հմտությունների ստուգմամբ՝ թեստային առաջադրանքների տարբերակով՝ համակարգչի միջոցով:

PISA -ի առաջադրանքները 4 ուղղությամբ են կազմվում՝ ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն և համակարագչային իմացություն: Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA) օգնում է վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրներն ու բացթողումները, որը կարող է արդյունավետ հիմք հանդիսանալ կրթության քաղաքականության մշակման համար: PISA համակարգով իրենց գիտելիքներն են ստուգել ավելի քան 549 հազար սովորողներ՝ աշխարհի մոտ 80 երկրներից, այդ թվում 44-ը միջին եկամուտներ ունեցող, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Մինչև հունիս PISA-ի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Համակարգին անդամակցում են կրթության համաշխարհային առաջատար համարվող մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սինգապուրը, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի երկրները: Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---