28 մարտի 2008 - 13:33 AMT
Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիային բարեփոխումների դանդաղեցման համար
Եվրոպական խորհրդարանը քննադատել է Թուրքիային բարեփոխումների դանդաղեցման համար, որոնք նախատեսված են Եվրամիությանը նրա անդամակցության գործընթացով: Եվրախորհրդարանի զեկույցի նախագծում, որը պատրաստել է Թուրքիայի գծով զեկուցող, Նիդերլանդներից ընտրված պատգամավոր Օօմեն Ռյույտենը, մասնավորապես, ասվում է, որ երկրում չկա իրավունքի գերակայություն, որին կվստահեր յուրաքանչյուր ոք:

Թուրքիայի հասցեին քննադատության մեծ մասը կապված է փետրվարին Գլխավոր դատախազությունում նախաձեռնված իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) լուծարման վերաբերյալ գործընթացի հետ: Դա կապված է ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» կազմակերպության գործի հետաքննության հետ դատախազությունում, որի շրջանակներում կալանքի տակ է վերցվել շուրջ 40 մարդ, այդ թվում քաղաքական գործիչներ, լրագրողներ, մտավորականության ներկայացուցիչներ:

«Չնայած նրան, որ բուհերում հիջաբ կրելու վերաբերյալ օրինագիծն ընդունվեց խորհրդարանի մեծամասնությամբ` երկու երրորդով, գործնականում այն չի կիրառվում: Աշխարհում նման դեպքեր չկան»,-ասվում է զեկույցում: Ռյույտենը գտնում է նաեւ, որ բանակը պետք է սահմանափակի իր գործողությունները:

Եվրախորհրդարանի պատգամավորը նաեւ կոչ է արել թուրքական իշխանություններին վերանայել ՔՕ 301-րդ հոդվածը, որը պատժում է այլախոհության համար, որով բազմիցս դատավարություններ են ընթացել լրագրողների եւ գրողների դեմ, մասնավորապես, Օրհան Փամուկի դեմ: Զեկույցի նախագծում կոչ է արվում նաեւ լուծել բազմամյա քրդական խնդիրը քաղաքական միջոցներով, իսկ անջատողական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը ցանկանում է ինքնավարության հասնել քրդերի համար երկրի մի մասում, կամավոր վայր դնել զենքը, հաղոքրդում է ՌԻԱ ,Նովոստին»:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, զեկույցի նախագծում կարող են փոփոխություններ կատարվել, որից հետո այն կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը: Քվեարկությունը, ինչպես ակնկալվում է, կայանալու է մայիսին: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները սկսվել են 2005 թվականի նոյեմբերին: Ըստ փորձագետների, բանակցային գործընթացը կարող է տեւել 10-15 տարի: