ՀՀ-ում ԵՄ դրամաշնորհներից մոտ 907 մլն դրամ հափշտակելու գործով 14 մեղադրյալի քրգործ ուղարկվել է դատարան

ՀՀ-ում ԵՄ դրամաշնորհներից մոտ 907 մլն դրամ հափշտակելու գործով 14 մեղադրյալի քրգործ ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ 14 մեղադրյալների մասով:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել,որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային ծրագրեր, ձեռք բերել արդեն իսկ գրանցված և պատմություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնց միջոցով ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի գնահատման մրցույթին: Ներկայացված ծրագրերը ԵՄ պատվիրակության աշխատակցի աջակցությամբ հաստատվել են և հատկացվել ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարները, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշված անձինք կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման կեղծ փաստաթղթեր, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա հափշտակել են ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։

Բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորված թվով 18 դրամաշնորհային ծրագրերով, իսկ հափշտակված ընդհանուր գումարը կազմում է 907.281.869.7 դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար:

14 անձի մասով գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։

Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 16 դրվագով, ևՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, մեղադրանքներ են առաջադրվել ևս 13 անձի:

14 մեղադրյալների մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---