19 ապրիլի 2018 - 12:38 AMT
Ոստիկանություն. Հետևելով ապօրինի վարքագիծ դրսևորելու կոչերին` ցուցարարները վտանգում են իրենց կյանքը

Երևանում իրականացվող «Իմ Քայլը» շարժման ցույցերի վերաբերյալ ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ հետևելով ապօրինի վարքագիծ դրսևորելու մասին հավաքի ղեկավարի կոչերին` դրա մասնակիցները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները:

Հայտարարության մեջ նշվում է, որ մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը:

«Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը:

2018 թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն` շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը: Նույն գործելաոճով ապօրինի հավաքի ղեկավարի գլխավորությամբ և նրա անմիջական ցուցումներով դրա մասնակիցներն այսօր առավոտից կազմակերպված կերպով փակել են ՀՀ կառավարության մասնաշենքի մուտքը` խոչընդոտելով աշխատակիցների անարգել մուտքն ու ելքը մասնաշենք: Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել իրենց ապօրինի գործողությունները դադարեցնելու մասին ոստիկանության օրինական պահանջներին, այլև բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: :

Նշվում է, որ նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները:

Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ, տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը: