19 ապրիլի 2018 - 12:49 AMT
ՄԻՊ. Լրագրողի հանդեպ բռնությունը դատապարտելի է

Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկություններով քննարկման ընթացակարգ է սկսվել: Այդ մասին հայտարարել է ՄԻՊ աշխատակազմը:

Դատապարտելի է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։

Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: Պաշտպանը կրկին շեշտում է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։

Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե։

Երևանի կենտրոնում՝ կառավարության 3-րդ շենքի մոտ հակաիշխանական ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Հայտարարությունը տարածել է նույն ՀԿ-ի նախագահը: