ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ նյարդային

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ նյարդային: Նրանք փաստորեն տապալեցին Բուխարեստում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, մշտապես խախտում են հրադադարի ռեժիմը շփման գծում: Սակայն նման գործողություններով Բաքուն ոչ մի բանի չի հասնի: Բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որտեղ հստակ ասվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիակատար ինքնորոշման մասին»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ագո»-ի խմբի ղեկավար, շվեդ դիվանագետ Պեր Սյոգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում:



ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաեւ, որ իբր հայերի կողմից իրականացված «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին գովազդված աղմուկն ընդհանուր ոչ մի բան չունի իրականության հետ: «Անբարոյական է օգտագործել «ցեղասպանություն» տերմինը սեփական նպատակներին հասնելու համար եւ մոլորեցնել համաշխարհային հանրությանը: 1918 թվականի իրադարձությունները, որոնց մասին խոսում են Ադրբեջանում, ոչ մի ընդհանուր բան չունեն ղարաբաղյան հակամարտության հետ»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:



Իր հերթին Պեր Սկոգրենը նշել է, որ «Ագո»-ի խումբը սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Մենք գտնում ենք, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն երկխոսության միջոցով ամենաբարձր մակարդակով»,-ասել է շվեդ դիվանագետը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---