19 ապրիլի 2018 - 18:22 AMT
Հիվանդանոցներում 5 տուժած քաղաքացի կա. Լրագրողը դուրս է գրվել

Ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 2-ը թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային

համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

2 տուժած կեսօրից հետո ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին և վերին վերջույթների փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշումով: Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

Եվս 1-ի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն ոստիկանները կազմակերպել են տաքսի ծառայությամբ։ Առիթմիա ունեցող քաղաքացու վիճակը հանրահավաքի ժամանակ սրվել է։ Իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Ապրիլի 19-ին առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ընդունված լրագրողը դուրս է գրվել:

Երևանի կենտրոնում՝ կառավարության 3-րդ շենքի մոտ հակաիշխանական ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Հայտարարությունը տարածել է նույն ՀԿ-ի նախագահը: