20 ապրիլի 2018 - 10:42 AMT
Արամ Ա-ն գալիս է ՀՀ. Ոստիկանների ու երիտասադարների բախումները ներելի չեն

Ապրիլի 20-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Նա նույն օրը կվերադառնա Անթիլիաս: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ պատասխանելով Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին՝ ներկայացրել է իր մտահոգություններն ու տեսակետները:

«Անհանգիստ ենք նաև մենք ՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, այնպես էլ մեր հայրենի ժողովորդի ցավն ու մտահոգությունը մերն է: Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ»,-մասնավորապես ասել է կաթողիկոսը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, ժողովրդի իրավունքն է քաղաքակիրթ մոտեցումով իր դժգոհությունն ու սպասումներն արտահայտնել: Նա հիշեցրել է, որ ինքն էլ արտագաղթի, ժողովրդի կենսամակարդակի վերաբերյալ իր դժգոհություններն է արտահայտել ու հարկ եղած դեպքում կշարունակի արտահայտել: «Սա յուրաքանչյուր հայի իրավունքն է ու միաժամանակ պարտավորությունը»,-նշել է նա:

Արամ Ա-ի խոսքով, Երևանի փողոցներում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը ընդվզումի արտահայտություն են:

«Սակայն ինչ էլ լինեն ընդվզումի ու բողոքի դրդապատճառները, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա: Ներելի չէ, որ մեր ոստիկանների ու երիտասադարների միջև բախումներ տեղի ունենան: Բոլորն էլ մեր սիրելի զավակներն են: Անհրաժեշտ է, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվեն ու լուծման ուղիներ որոնվեն միասնաբար՝ նախագահի հովանավորությամբ ու մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով, փոխադարձ սիրո ու հասկացողության ոգով: Սա է հարցերի լուծման առաջնորդող ճիշտ ուղին: Սա է մեր սպասումը հայրենի իշխանությունից, ինչպես նաև մեր հայրենի ժողովրդի սիրելի զավակներից»,-նշում է նա:

Երևանում 8-րդ օրն անընդմեջ շարունակվում են բողոքի ցույցերն ու երթերը, ցուցարարները փակում են փողոցներն ու փորձում արգելափակել պետական հաստատությունները: