Բակո Սահակյան. ՀՀ-ում ապակայունացման ցանկացած փորձ վտանգավոր է

Բակո Սահակյան. ՀՀ-ում ապակայունացման ցանկացած փորձ վտանգավոր է

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ այս օրերին համայն հայության ուշադրությունը սևեռված է Երևանում և Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Նշվում է, որ Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ և նույնպես հետևում է այդ ամենին:

«Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է և հղի վատագույն հետևանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության և սահմաններում տիրող իրավիճակի վրա:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբևիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է մեր ներքին կայունությունը:

Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետևել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության և պատասխանատվության բարձր աստիճան»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետևանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի և հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---