23 ապրիլի 2018 - 12:44 AMT
Հարությունյանը` պատգամավորներին ձերբակալելու մասին. Ոստիկանության պահանջին չենթարկվելը հանցագործություն է

Բոլոր հավաքները կանոնակարգվում են օրենսդրությամբ, կան դեպքեր, երբ անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Դա այն դեպքերն են, երբ անհամաչափ սահմանափակվում են այլոց սահմանադրական իրավունքները կամ շահերը: Երեկ ոստիկանությունը նման որոշում էր կայացրել, ու ցանկացած կոչ՝ չենթարկվելու ոստիկանության պահանջին, առաջացնում է քրեական պատասխանատվություն», - ասել է Հարությունյանը:

Ըստ նրա, այդ մոտեցումը կա բազմաթիվ այլ երկրներում: Հարությունյանը նաև ողջունել է շարժման կազմակերպիչների՝ ակցիաները խաղաղ, առանց զենքի անցկացնելուկոչը ցուցարարներին:

«Պագտամավորն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից: Նրան հնարավոր չէ ազատությունից զրկել բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվում է հանցագործության պահին կամ դրանից անմիջապես հետո», -ասել է Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը: Նա հավելել է, որ իրեն տեղեկացրել են՝ պատգամավորի փաստաբանը ներգրավված է արդեն:

«Երեկ ոստիկանության կողմից ցույցը դադարեցնելու որոշում էր կայացվել, ինչի մասին կազմակերպիչները տեղեկացվել էին: Չդադարեցնելու ցույցն ու չենթարկվելու ոստիկանության պահանջին համարվում է ՀՀ-ում հանցագործություն: Եվ դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ հենց դա է եղել այն հիմքը, ինչի հետևանքով ձերբակալվեցին պատգամավորները», - ասել է Հարությունյանը: