1 ապրիլի 2008 - 16:27 AMT
Ադրբեջանի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից նորություն չէ
Ադրբեջանի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից նորություն չէ, Բաքուն իր բացասական վերաբերմունքը համանախագահների ինստիտուտի նկատմամբ հայտնել է ամենասկզբից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, բանակցությունները վաղուց են ընթանում եւ, բնական է, դժգոհությունն ավելանում է: «Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդունումը ՄԱԿ ԳՎ-ում, ըստ իս, երկու պատճառներով էր պայմանավորված: Առաջին` թերությունները ՄԱԿ-ի կառուցվածքում, որն այսօր բարեփոխումների շրջանում է: Երկրորդ պատճառը Հայաստանի անկայուն ներքաղաքական իրավիճակն էր, որից փորձեց օգտվել Ադրբեջանը: Սակայն ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումը ԵԱՀԿ ՄԽ-ն վերացնելու իրական փորձ չէր»,- նշել է նա: ԶԼՄԿԻ տնօրենը նաեւ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրավիճակի հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչ է կատարվելու Հայաստանում առաջիկա երկու ամիսներին: «Պետք է նկատի ունենալ նաեւ այն, որ կարգավորման գործընթացը եւ ինքը հակամարտությունը երկու բացարձակ տարբեր բաներ են: Հակամարտությունն ինքը կախված է ուժերի հավասարակշռությունից: Այս հասկացության մաս է կազմում ոչ միայն կողմերի ռազմական ուժը, այլեւ տնտեսությունը, քաղաքականությունը, լոբբինգի մակարդակը տարբեր միջազգային կառույցներում եւ երկրներում: Սակայն ուժերի հավասարակշռության գլխավոր մասը Լեռնային Ղարաբաղն է, որը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ»,- ընդգծել է հայ փորձագետը: