23 ապրիլի 2018 - 12:59 AMT
Արամ Ա-ի կոչը՝ ապրիլի 24-ին հեռու մնալ ներքին լարվածություն առաջացնող քայլերից

Ապրիլի 23-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միաբանական հանդիպում է հրավիրել Անթիլիասի մայրավանքում: Նա ընդհանուր առմամբ ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ եկեղեցին չի կարող անտարբեր մնալ և սոսկ դիտորդի կարգավիճակ ունենալ: Նա նշել է, որ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը եկեղեցու կոչումն է՝ միշտ օրենքի սահմաններում և ելնելով հայրենիքի գերագույն շահերից:

Ապրիլի 24-ի նախօրեին միաբանությունը շեշտում է, որ ապրիլ 24-ի խորհուրդն անաղարտ պետք է պահել: Հետևաբար, Վեհափառ Հայրապետն ու միաբանությունը կոչ են ուղղել հայ ժողովրդին՝ Ապրիլի 24-ի օրը հեռու մնալ ներքին լարվածություն առաջացնող քայլերից և հարգել նահատակների հիշատակն ու պատգամը։

«Աշխարհը մեզ է նայում։ Հետևաբար, բարձրագույն աստիճանի նախանձախնդրությամբ ու երկյուղածությամբ պետք է ապրիլի 24-ի խորհուրդն ու ոգին հարգել և արժևորել»,-ասել է Արամ Առաջինը:

Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում կայացել է ընդդիմության հերթական բազմահազարանոց հանրահավաքը՝ ըննդեմ նորընտիր վարչապետի պաշտոնավարման: Հարթակից ուսանող, տարկետման իրավունքի վերացման դեմ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը կոչ է արել ուսանողներին դասադուլ իրականացնել:

Ավելի վաղ, ապրիլի 22-ին ձերբակալվել են ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նրանք համակարգում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: