Նիկոսիայում 44 տարիների ընթացքում առաջին անգամ բացվել է Լեդրայի հսկիչ-անցագրային կետը

PanARMENIAN.Net - Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնական Լեդրա փողոցում առաջին անգամ վերջին 44 տարվա ընթացքում ՄԱԿ-ի բուֆերային գոտում, որ բաժանում է կղզու հունական եւ թուրքական տարածքները, բացվել է հսկիչ-անցագրային կետ:



Դա կարեւորագույն փուլ է երկրի միավորման համար, որը բաժանվել էր 1974 թ. թուրքական զորքերի ներխուժումից հետո: Որոշումը կայացվել էր մարտի 21-ին փետրվարին Կիպրոսի նախագահ ընտրված Դիմիտրիաս Խրիստոֆիասի եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթի հանդիպման ժամանակ: Այն ժամանակ վերսկսվեց կղզու խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, Կիպրոսի հարցի լուծման նպատակով նոր համաձայնագրի բոլոր մանրամասների մշակման համար փորձագիտական խմբերի ստեղծումը:



Եվրոպայի վերջին բաժանված մայրաքաղաքի սահմանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Կիպրոսում ՄԱԿ-ի ներկայացուցիչները, Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը եւ թուրքա-կիպրոսյան վարչակազմը, ինչպես նաեւ հարյուրավոր լրագրողներ եւ կղզու բնակիչներ: «Մենք ձգտում ենք նրան, որ այս երկրի բոլոր ճանապարհները բաց լինեն բոլոր քաղաքացիների համար»,-արարողության ժամանակ հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Գեորգիոս Յակովուն: Նիկոսիայի հունա-կիպրոսյան մասի քաղաքապետ Էլենի Մավրուն հավելեց, որ Լեդրայի բացումը քայլ առաջ է, որը հույս է ներշնչում, որ կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի: Թուրք կիպրոսցիների առաջնորդի ներկայացուցիչ Օզդիլ Նամին իր հերթին ընդգծեց, որ այսօր կղզում պատմական իրադարձություն էր: «Մենք նոր ժամանակաշրջան ենք թեւակոխում: Սկսվել է նոր գործընթաց (Կիպրոսի միավորումը),-ասել է նա:-Համաշխարհային հանրությունը ուշադիր հետեւում է, թե ինչպես մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



Կենտրոնական առեւտրային եւ զբոսաշրջային Լեդրա փողոցը, որ անցնում է Կիպրոսի մայրաքաղաքի պատմական կենտրոնով, կիսվել էր երկու մասի բարիկադներով 1963 թվականին կիպրոսցի հույների եւ թուրքերի բախումների պատճառով: 1974թ. ի վեր կղզին փաստցի բաժանված էր թուրքական ներխուժման պատճառով, որի համար առիթ հանդիսացավ Նիկոսիայում կատարված հեղաշրջումը` նախագահ Մակարիոսին տապալելու նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր Լեդրա փողոցը բաժանված էր բարիկադներով եւ պատով: 2007թ. Կիպրոսի Հանրապետության իշխանությունները քանդեցին բետոնի պատը եւ փոխարինեցին այն պլաստիկ պատնեշով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---