
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում ակնարկել է մայյիսի 1-ի վարչապետի ընտրություններին պատրաստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին ու կարծում է, որ ողջ ֆրակցիան պիտի այսպես քվեարկի։ Միաժամանակ նա նշել է, որ ֆրակցիայի որոշումից անջատ չի քվեարկելու։
«Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել; Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից չեմ «թռնի», - նշել է նա։
Ֆարմանյանը հրավիրել է Փաշինյանին ֆրակցիա հանդիպման։ «Ձեր ոճով՝ «բարձրացված ձեռքերով» հյուր եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին: Եկե՛ք խոսելու՝ պարզ, մարդկային: Եկե՛ք առանց պաթոսի քննարկենք կարևոր հարցեր պաշտպանության, փոխզիջումային բանակցություններում զիջումների՝ առավելագույնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թե ինչու է անտեսված «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանությունում՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նկարագրելիս: Շա՜տ բան կա հասկանալու», - ասել է նա:
«Եկե՛ք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը», - ասել է պատգամավորը:
Ֆարմանյանը նշել է նաև, որ կարող է համոզել ՔՊ անդամներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք իրեն թույլ չի տա համոզել «իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից»: Միրզոյանն, ի պատասխան, նշել է, որ ողջունում է Ֆարմանյանի պատրաստակամությունը՝ ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին։
«Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք,ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրա Վահրամ Բաղդասարյանին, հարցրա Գագիկ Մինասյանին և այլոց։ Հիմա էլ պատրաստ ենք։ Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը», - գրել է նա Facebook-ում։