Զատուլին. Ռուսաստանը ներհայաստանյան իրադարձություններին որևէ կերպ չի միջամտելու

Զատուլին. Ռուսաստանը ներհայաստանյան իրադարձություններին որևէ կերպ չի միջամտելու

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներհայաստանյան իրադարձություններին որևէ կերպ չի միջամտելու: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ Երևանում է Ռուսաստանից ժամանած պատվիրակության կազմում:

Նա հայտնել է, որ պատրաստվում է ապրիլի 28-ին հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Ինձ թվում է՝ երկար պետք չէ բացատրել՝ ինչու ենք եկել, մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: :

Նա նշել է, որ թեպետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանում շատերն են ճանաչում և բարձր են գնահատում, սակայն անձամբ այնքան էլ ծանոթ չէ: Զատուլինը նշել է՝ որքան իրեն է հայտնի, Կարապետյանի վարկանիշը Հայաստանում վատը չէ, և իրենք կցանկանային պարզապես նրան սատարել, սակայն որևէ մեկի կողմնակիցը չեն: Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անցնի օրինական ճանապարհով, և Ռուսաստանը ուշադիր հետևելու է դրան, ու ով էլ փորձի ուժով հասնել ինչ-որ հաղթանակի, Ռուսաստանն այդ արդյունքները չի ընդունելու:

Զատուլինը նշել է, որ իրենց գործառույթը չէ՝ ով է լավը, ով՝ վատը, իրենք մտահոգ են, որ ՌԴ դաշնակից երկրում, երկրում, որի հետ կապված են ՀԱՊԿ պայմանագրով, որտեղ գլխավոր ներդրող են, որտեղ իրենց զինծառայողներն են, այդ երկրում առաջին շաբաթը չէ, որ իրադարձություններ են տեղի ունենում:

«Մենք դրանով անհանգստացած ենք և ժամանել ենք Հայաստան: Սա արդյունքների ամփոփման ասուլիս չէ, առջևում կարևոր հանդիպումներ են սպասվում: Ես անկեղծորեն անհանգստանում եմ, հուսով եմ՝ ելք կգտնվի, և այդ ելքը կլինի իրավական-սահմանադրական ճանապարհով: Դա ևս մեզ անհանգստացնում է»,- ասել է նա:

Զատուլինը հայտնել է, որ երեկ հանդիպել են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի և իր գործընկերների հետ, պատվիրակության կազմից ոմանք հանդիպում ունեցան միջխորհրդարանական հանձնաժողովի, իսկ ապրիլի 28-ին խմբակցությունների ներկայացուցիչների հետ են հանդիպել:

«Ես երկու հանդիպմանը ներկա եմ եղել, զրուցել եմ ԵԼՔ և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ցավոք, ինչպես գիտեք, ԵԼՔ-ի ներկայացուցիչները հանդիպման եկան ոչ այն կազմով, ինչպես սպասում էինք, կես ժամ սպասումից հետո հանդիպման եկավ Արարատ Միրզոյանը, նա մյուսների բացակայությունը հիմնավորեց նրանով, որ վիրավորված են Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպումից: Թե ինչ է պատահել, ես չգիտեմ, բայց մի՞թե խմբակցությունը, որի ղեկավարը վարչապետի պաշտոնին հավակնող անձ է, այդքան խոցելի է, որ պատրաստ չէ ամբողջ կազմով ներկայանալ հանդիպմանը»,- ասել է նա:

Զատուլինը հայտնել է, որ արդեն իսկ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երկրորդ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ նա չչ հրապարակել՝ նշելով, որ լիազորված չէ, սակայն ասել է՝ իրավիճակի նրա գնահատականն, ինչպես միշտ, սթափ է:

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ-ում մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին: Այդ օրը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ։

Ռուսական պատվիրակությունը Հայաստանից պատրաստվում է մեկնել ապրիլի 29-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
---