Բլոկչեյնի հայկական ասոցիացիան առաջարկում է ընտրություններն անցկացնել բլոկչեյնի միջոցով

Բլոկչեյնի հայկական ասոցիացիան առաջարկում է ընտրություններն անցկացնել բլոկչեյնի միջոցով

PanARMENIAN.Net - Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը բաց հրապարակում է հասցեագրել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով արդար ու թափանցիկ ընտրությունների լուծում բլոկչեյնի միջոցով:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով վերջին զարգացումները և հատկապես կարևորելով սպասվող ծավալուն աշխատանքները ու որոշումների ճակատագրական լինելը` անհրաժեշտ է, որ հետագա գործողությունները իրականացվեն բացարձակ թափանցիկ կերպով և հետևաբար` զերծ մնալով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերից: Այս գործընթացում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռում են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես` բլոկչեյնը»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ բլոկչեյնը բազմաթիվ մասնակիցների միջև ապակենտրոնացված եղանակով բաշխված վստահելի տվյալների ռեեստր է, որը թափանցիկ է բոլորի համար և ենթակա չէ ձևափոխման: Սա նշանակում է, որ ռեեստրում առկա տեղեկատվությունը չունի որևէ տեր, նույնությամբ պահպանվում է ցանցի բոլոր մասնակիցների մոտ, և նույնիսկ տվյալը մուտքագրողը հնարավորություն չունի փոփոխելու սեփական գրառումը:

Հատկանշական է, որ համակարգի հիմնադիրը նույնպես որևէ տեխնիկական հնարավորություն չունի միջամտելու համակարգի աշխատանքին և տվյալների ամբողջականությանը:

Նշվում է նաև, որ բլոկչեյնի բացարձակ վստահելիությունը, թափանցիկությունը և անվտանգության բարձր մակարդակը թույլ են տալիս կրճատել պրոցեսների ռիսկերը և ծախսերը տարբեր ոլորտներում` սկսած տեղեկատվական և ֆինանասական տեխնոլոգիաներից, մինչև տնտեսության իրական սեկտոր:

Այդ պատճառով այն կիրառություն է գտել թե՛ մասնավոր ընկերություններում (օրինակ` խոշորագույն Walmart, Airbus, և այլն), և թե՛ պետական ծրագրերում, ինչպես օրինակ. Վրաստան` հողի սեփականության իրավունքների գրանցում բլոկչեյն ռեեստրում, Էստոնիա` նույնականացման կառավարման ազգային համակարգ, ԱՄՆ Իլլինոյս նահանգ` ծննդյան վկայականների գրանցում, Դուբայ (ՄԱԷ)` ղեկավարությունը ծրագրում է դառնալ աշխարհում առաջին բլոկչեյնի հիմքով աշխատող կառավարությունը մինչև 2020թ., Սիերա Լեոնե` բլոկչեյնի հիման վրա դիտորդական խումբ նախագահական ընտրություններում:

«Իմ համոզմամբ` Հայաստանում պետք է սկսել հենց ընտրություններից (բոլոր մակարդակներում` խորհրդարանական ընտրություններ, ինքնակառավարման մարմիններ, հասարակական կարծիք): Բլոկչեյնով ընտրությունները թույլ կտան ունենալ արդար ու վստահելի արդյունքներ: Հետագա ինտեգրումները կարող են ընդգրկել հարկային, մաքսային, սոցապ, առողջապահական և այլ ոլորտները. հնարավորությունները լայն են: Գնալով այս քայլին, Հայաստանը որակապես այլ վստահելիության մակարդակ ձեռք կբերի իր օտարերկրյա գործընկերների աչքերում: Սա արմատապես կանդրադառնա մեր երկրի տնտեսական վիճակի բարելավման վրա, կներգրավվեն միջազգային ներդրումներ: Պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել նման համակարգի ներդրմանը», ասվում է Վիգեն Առուշանյանի բաց նամակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---