Բաղդասարյան. ՀՀԿ-ն Փաշինյանի ելույթից հետո կորոշի՝ ինչպես քվեարկել

Բաղդասարյան. ՀՀԿ-ն Փաշինյանի ելույթից հետո կորոշի՝ ինչպես քվեարկել

PanARMENIAN.Net - ԱԺ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ի գիշերը հրավիրել է Գործադիր մարմնի, այնուհետև խմբակցության նիստ, որի ընթացքում որոշվել է` մայիսի 1-ի առավոտյան կլսեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, կուղղեն հարցեր թեկնածուին, հետո միայն խմբակցությունը միաձայն որոշում կկայացնի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մայիսի լույս 1-ի հայտարարությանը, թե Հանրապետական խմբակցությունը իրեն հասած տեղեկություններով պատրաստվում է տապալել քվեարկությունը` Բաղդասարյանը կրկնել է, թե իրենք բազմիցս են հայտարարել, որ չեն խոչընդոտի նիստի կայացմանը, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք չենք խոչընդոտի նիստի կայացմանը։ Մենք ասել ենք, որ մեր պատգամավորները ներկա կլինեն նիստին, նիստը կկայանա, մեր պատգամավորները հնարավորություն կունենան լսել վարչապետի թեկնածուի ծրագրային ելույթները և հնարավորություն կունենան հարցեր ուղղել վարչապետի թեկնածուին», - ասել է Բաղդասարյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի մասնակցությանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին՝ Բաղդասարյանն ասել է, որ նիստը վարել է Սերժ Սարգսյանը, քանի որ ինքը դեռ կուսակցության ղեկավարն է: «Սերժ Սարգսյանը բացարձակ չի անդրադառնում, իր խոստմանը համաձայն, չի միջամտում քաղաքական գործընթացներին», - ասել է նա:

Բաղդասարյանը հավելել է, որ խմբակցությունում հակված են միասնական որոշում կայացնել, իսկ դա հայտնի կլինի օրվա ընթացքում։

Հարցին, թե այսօր կընտրվի վարչապետ, թե ոչ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Այսօրվա ընթացքը ցույց կտա, բայց, ամեն դեպքում, մենք վարչապետ կունենանք, սահմանադրական ժամկետում. դա տրամադրվածություն է, որովհետև երկիրը չի կարելի պարալիզացված պահել: Հնարավոր է նաև այսօր: Եթե այսօր, ենթադրենք, չի լինում, կարծում եմ՝ 7-օրյա ժամկետում մենք պետք է ունենանք նոր ընտրություններ: Հակառակ դեպքում, ըստ սահմանադրության, պետք է տանենք ԱԺ-ն լուծարման, իսկ դա մեր երկիրը բավականին հետ կգցի»:

Մայիսի լույս 1-ի գիշերը հեռարձակված տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված Հանրապետականը որոշել է տապալել վարչապետի ընտրությունը։

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---