ՍԱՊԾ-ն կգործի 24-ժամյա ռեժիմով

ՍԱՊԾ-ն կգործի 24-ժամյա ռեժիմով

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի և կաշխատի շուրջօրյա, քանի որ ՀՀ սահմաններին առաջացել են սննդամթերքով լի բեռների կուտակումներ՝ կապված վերջին իրադարձությունների և ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու հետ:

Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բոլոր բեռների ձևակերպումները ժամանակին ու արագ ապահովելու, ինչպես նաև հնարավոր կուտակումները բացառելու նպատակով՝ ծառայության համապատասխան ստորաբաժանումները՝ սահմանային բոլոր հսկիչ կետերը, սպասարկման կենտրոնը, նմուշառման բաժիները, ինչպես նաև մարզային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումները, կգործեն աշխատանքային 24-ժամյա ռեժիմով:

Անկախ ստեղծված իրավիճակից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու գործառույթները, ասվում է ՍԱՊԾ հայտարարության մեջ:

Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:

Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---