3 մայիսի 2018 - 11:18 AMT
Նոր արծաթե հուշադրամներ են թողարկվել

ՀՀ կենտրոնական բանկն ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը, հայտնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Տեխնիկական չափանիշներ են. անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 168,1 գ, տրամագիծը՝ 63,0 մմ, որակը՝ պրուֆ:

Դրամաշուրթը հարթ է, համարակալված: Քանակը 300 հատ է:

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով:

Տեխնիկական չափանիշներն են. անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը, 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ: Որակը պրուֆ է, դրամաշուրթն ատամնավոր:

Քանակը 500 հատ է: Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր:

Տեխնիկական չափանիշներն են. անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 20,0 գ, տրամագիծը՝ 38,6 մմ, որակը՝ Պրուֆ:

Դրամաշուրթն ատամնավոր է, քանակը մինչև 5000 հատ: Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze)ընկերության մասնագետները:

Հատվել է Geiger Edelmetalle ընկերության դրամահատարանում (Գերմանիա):