3 մայիսի 2018 - 12:29 AMT
Շարմազանովը չի բացատրել` ինչու է ՀՀԿ-ն 1 օրում փոխել վարչապետի հարցում դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին վարչապետ է ունենալու, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մարդ կա՝ կարդում է, չի տեսնում, մարդ կա՝ չի ուզում կարդալ»,- ասել է նա՝ կրկնելով ՀՀԿ-ի՝ մայիսի 2-ին արված հայտարարության դրույթներն այն մասին, որ խմբակցությունը կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին։

Շարմազանովը շեշտել է, որ իր բացասական կարծիքը ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածության մասին չի փոխվել ու հույս հայտնել, որ սխալվում է, ու Փաշինյանը կփարատի իր կասկածը, սակայն այդպես էլ չի բացատրել՝ ինչու է կուսակցությունը մեկ օրում փոխել իր կարծիքը։

Նա նաև չի ասել՝ արդյոք խմբակցությունը Փաշինյանի թեկնածությանը կքվեարկի միաձայն։

«Վարչապետի ընտրությանը Հանրապետականը աջակցելու է։ Ինչ քանակով՝ կարծում եմ էական չէ, էական է, որ 53 ձայնն ապահովվի ու 1/3-ի թեկնածուն ընտրվի վարչապետ», - հայտարարել է ԱԺ փոխխոսնակը։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևել են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։