4 մայիսի 2018 - 11:10 AMT
Սամվել Ալեքսանյանը «ժողովրդի թեկնածուի կողմից է»

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «ժողովրդի թեկնածուի կողմից է»: Այդ մասին պատգամավորը հայտարարել է լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ում օգտին է քվեարկելու մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում:

Այն հարցին, թե ով է ժողովրդի թեկնածուն, Ալեքսանյանն ասել է. «Կերևա այդ օրն, էլի», հայտնում է Aysor.am-ը։

Այն դիտարկմանը թե արդյոք վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն, Ալեքսանյանը խուսափել է անուններ տալուց՝ արձագանքելով.«Ով ժողովրդի թեկնածուն է, ես նրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»։

Ալեքսանյանը նաև ողջունել է Փաշինյանի մտադրությունը՝ պայքարել մենաշնորհի դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող վերացնի»։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։