4 ապրիլի 2008 - 16:47 AMT
Ռոբերտ Քոչարյանը նորից հայտարարել է ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին, եթե Բաքուն բանակցությունները փակուղի տանի
Եթե Ադրբեջանը շարունակի փորձել օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ապա Երեւանը ստիպված կլինի սրել իր դիրքորոշումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հայկական կողմն ավելի վճռական եւ սկզբունքային կլինի բանակցային գործընթացում եւ, բնականաբար, որեւէ զիջում չկա եւ լինել չի կարող»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Նրա խոսքերով, հայկական կողմը պետք է հստակ հասկանա, որ ամուր դիրքորոշումների լավագույն երաշխիքը Ղարաբաղի հարցում լինելու է երկրի զարգացման տեմպերն ու կայունությունը: «Ինչպես ես արդեն ասել եմ, ես չեմ բացառում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավորությունը, եթե Ադրբեջանի քաղաքականությունը բանակցությունները փակուղի տանի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: