«Զվարթնոցից» Երևան տանող ճանապարհի հարակից տարածքները բարեկարգվում են

«Զվարթնոցից» Երևան տանող ճանապարհի հարակից տարածքները  բարեկարգվում են

PanARMENIAN.Net - Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից դեպի Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը:

Ճանապարհի հարակից տարածքները կստանան ավելի պատշաճ ու ներկայանալի տեսք: Ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհի հարակից տարածքներում արդեն իսկ իրականացվում են ինչպես վերանորոգման, այնպես էլ արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ:

Ճանապարհի վրա գտնվող ավելի քան 430 շինություն կենթարկվի արտաքին վերանորոգման՝ նախապես մշակված դիզայներական նախագծի համապատասխան: Շինությունները կզարդարվեն նաև հայկական սիմվոլիկ պատկերներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ կառավարության մարտի 1-ի նիստում հանձնարարվել էր բարեկարգել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհը: «2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես՝ հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---