Բաղդասարյան. ՀՀԿ-ն պատրաստ է լինել ընդդիմություն

Բաղդասարյան. ՀՀԿ-ն պատրաստ է լինել ընդդիմություն

PanARMENIAN.Net - Որևէ մեկը երաշխավորված չէ որոշ ժամանակ իշխանություն, հետո՝ընդդիմություն լինելուց, կամ հակառակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Քաղաքականության մեջ մտնողը, եթե որոշել է, որ իր կյանքի ամբողջ ընթացքում պետք է լինի իշխանություն, ուրեմն նա չի մտել քաղաքականության մեջ, նա պարզապես մտել է իր հետաքրքրությունների համար։ Եթե մենք մեր քաղաքական դիրքորոշումները պահպանելով գնում ենք այդ ճանապարհով, մենք պատրաստ ենք լինել ընդդիմություն, բայց որևէ մեկ անգամ մենք չենք խանգարելու մեր երկրի հեռանկարային շահերին, անվտանգության խնդիրներին։ Ի տարբերություն մեր նախորդ ընդդիմադիրների՝ մենք պատրաստ ենք դրականը տեսնելու և քննադատելու բացասականը», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նրան են ենթարկվելու ուժային կառույցները, հետևաբար չկա՞ մտավախություն, որ ՀՀԿ-ից բազմաթիվ պատգամավորներ դուրս կգան և ՀՀԿ-ն կդանա փոքրամասնություն, Բաղդասարյանն ասել է.«Ընկնում եք երազանքների ու ենթադրությունների գիրկը. ուժային կառույցը որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս սիրո, համերաշխության կոչ անողներինը: Դրանք ժողովրդինն են: Դուք ունեիք այն մտավախությունը, որ մինչ մայիսի մեկը առնետավազք պետք է սկսվի, ՀՀԿ-ն պետք է քայքայվի, բայց ամսի մեկին դուք եղաք ականատեսը, որ նման բան չեղավ: Եթե նման բան էլ լինի, կարևոր է, որ մեր քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինի, իսկ ես հավատացնում եմ, որ նման բան չի լինի», - ասել է նա:

Անդրադառնալով մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին՝ Բաղդասարյանն ասել է, որ կլինի ՀՀԿ գործադիր մարմնի և խմբակցության նիստ: «Դա կլինի քաղաքական որոշման արդյունք», - հավելել է նա։

Անդրադառնալով հրապարակումներին, թե ՀՀԿ առաջին քվեարկության վրա ազդեցություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Բաղդասարյանը նշել է.«Ռոբերտ Քոչարյանին 5 տարի է դեմքով չեմ տեսել, հեռախոսով էլ չեմ խոսել։ Խնդրում եմ հանգիստ թողեք մեր երկրի նախկին նախագահներին», - նշել է նա՝ հավելելով, որ իր ղեկավարած խմբակցության վրա վերջիններս չեն կարող որևէ ազդեցություն ունենալ։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---