Արման Սահակյանը հրաժարվել է Պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնից

Արման Սահակյանը հրաժարվել է Պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնից

PanARMENIAN.Net - Արման Սահակյանը հրաժարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից: Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի ոլորտում ևս հաջողություններ արձանագրել: Գործել եմ բաց, հրապարակային, նվիրումով ու հավատով, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ աշխատանքով է կառուցվում երկրի այս ու վաղվա օրը: Գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվությամբ ու սիրով»,-գրել է նա:

Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել ՊԳԿՎ աշխատակազմին, իր գործընկերներին ու թիմակիցներին՝ արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է նաև, որ այդ ամենի մասին պարբերաբար հրապարակային խոսել է, սակայն այսօր միայն մեկ հիշատակում կանի. «նպատակ դրեցի և կարողացա գործընկերներիս հետ հիմնովին ու համակարգված լուծել հանրակացարաններում ապրող մեր հազարավոր հայրենակիցների սեփականության խնդիրը»:

«Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի:

Ինձ համար կարևոր է նաև լրատվամիջոցների հետ անցած ու անցնելիք ուղին. մեր առողջ համագործակցությունը պրոֆեսիոնալների հետ հնարավորություն է տվել հանրությանը հասցնել կատարված աշխատանքը, քննադատությամբ շտկել բացթողումները:Եվս մեկ անգամ ասեմ՝ շնորհակալ եմ ձեր վստահության, համագործակցության և աջակցության համար»,-գրել է Արման Սահակյանը։

Արման Սահակյանը ՀՀԿ անդամ է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---