7 ապրիլի 2008 - 19:21 AMT
Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ուժային եւ դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ
Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Անցած տասը տարիները գնահատելով այս կառույցների համար կայացման տարիներ, նախագահը վստահաբար ասել է, որ առանց կայացած նման ծառայությունների անհնարին է խոսել պետության կայացվածության մասին:Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, պետության կայացման գործում նրանց անձնական ներդրման համար:

«Դուք ղեկավարում եք կառույցներ, որոնք պատասխանատու են երկրի ու ժողովրդի անվտանգության, կարգ ու կանոնի, պետության միջազգային հեղինակության համար, եւ համոզմունքով կարելի է ասել, որ այդ տեսանկյունից ձեր վրա դրված խնդիրները հիմնականում լուծված են, թեեւ կատարելագործման համար երբեք սահման չկա, եւ բոլորս գիտակցում ենք նաեւ, որ անելիքներ դեռեւս շատ կան»,-ասել է նախագահը:
Նախագահը ցանկություն է հայտնել, որ նրանք իրենց հետագա աշխատանքում ունենան ավելի լավ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ամրապնդելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ նեքին հզոր մոտիվացիա:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանն ունի փայլուն ապագա, իսկ նորընտիր նախագահն` արդյունավետ կառավարելու բոլոր հնարավորությունները: