
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհարվորել են Իտալիայի և Սլովակիայի վարչապետները և ՄԱԿ Գլխավոր քարտուղարը
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնինհաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները:
«Համոզված եմ, որ Ձեր առաջնորդության ներքո մեր երկրները կկարողանան շարունակել և ամրապնդել այն ուղին, որն արդեն ձեռնարկվել է՝ օգտագործելով Երևանի հետ հարաբերությունները Եվրամիության հետ առավելագույն կերպով զարգացող հնարավորությունները, որոնք թույլ կտան ձեր երկրին ամրապնդել ինստիտուտները և ժողովրդավարական գործընթացները, պաշտպանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, հիմք դնելով ավելի ավելի մեծ սոցիալական և տնտեսական բարգավաճման համար»,-ասված է Պաոլո Ջենտիլոնիի շնորհավորական ուղերձում:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Նա մաղթել է վարչապետ Փաշինյանին հաջողություններ նրա պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների զարգացման և բարեկեցության:
«Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ ընդհանուր հետաքրքրության բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում»,-ասված է Սլովակիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:
ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿգլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձեր երկրում խաղաղ փոփոխությունների այս նշանակալի ժամանակահատվածում, ես հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել ժողովրդի բարեփուխումների ակնկալիքները, այդ թվում՝ օրինապահության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ինչպես նաև ջանքեր կգործադրի առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Միավորված ազգերի կազմակերպությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, պատրաստ է տրամադրել իր աջակցությունն այս առումով:
Ինչպես հիշում եք, ՄԱԿ-ը խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր ջանքերի ամուր և հետևողական աջակից է: Հուսով եմ, որ խաղաղ կարգավորման համար այս զգայուն ժամանակաշրջանում, այդ ջանքերն ավելի մեծ թափ կստանան և կբերեն դրական արդյունքներ, որոնք կօգնեն հաստատել տևական խաղաղություն և բարգավաճում Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար»,- ասված է Անտոնիո Գուտերեշի շնորհավորական ուղերձում:
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: