8 ապրիլի 2008 - 14:50 AMT
Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի նկատմամբ միշտ տարբերվել է այլ հակամարտությունների նկատմամբ ունեցած դիրքորոշումից
ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արեւելք եւ Ռուսաստանի կողմից չճանաչված հանրապետությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի, հնարավոր ճանաչումը, ուղղակիորեն կապված չեն: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը «Ռուաստանի քաղաքականությունը Կովկասում» օն-լայն մամլո ասուլիսի ժամանակ: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Ռուսաստանի դիրքորոշումը այդ դե-ֆակտո պետության նկատմամբ միշտ տարբերվել է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի նկատմամբ ունեցած դիրքորոշումից: Մասնավորապես, նախագահին Պետդումայի վերջին ուղերձի մեջ` չճանաչված հանրապետությունների շուրջ, Ղարաբաղը չի հիշատակվում: Ինչու՞: Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ միայն կարեւոր, այլեւ ավելի հաջող է համարում, քան ռուս-վրացական փոխհարաբերությունները: Այդ պատճառով փորձում է խնայել Բաքվին, խուսափում է կտրուկ գնահատականներից, որոնք կարող են վիրավորել ադրբեջանական ղեկավարությանը»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը: Երկրորդ, հավելել է նա, պաշտոնական Մոսկվան գտնում է, որ Ղարաբաղին վերաբերող բոլոր հարցերը կարելի է կարգավորել Երեւանի միջոցով: «Տվյալ դեպքում ես չեմ ասում` արդյոք դա ճիշտ է, թե ոչ: Պարզապես նման պատկերացում կա: Մերձդնեստրի հարցով ռուսական դիրքորոշումը եւս կարող է փոփոխվել: Քիշնեւը պատրաստ է նաեւ Մոլդովայի չեզոքությանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, կարծում եմ, որ Մոսկվան կսահմանափակվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փաստացի աջակցությամբ առանց այդ գոյացությունների իրավական ճանաչման»,- հայտարարել է ռուս քաղաքագետը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: