Ցեղասպանության մասին բանաձեւի հարցով քվեարկությունը կարող է կայանալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մինչեւ ամառային արձակուրդները

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը երբեք չի հանվել օրակարգից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ բանաձեւի շուրջ քվեարկությունը կայանալու է մոտ ապագայում: «Ես կարծում եմ, որ քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի ամառային արձակուրդներից առաջ»,- ասել է Մանոյանը:



Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հավանություն է ստացել Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2007 թվականի հոկտեմբերի 10-ին 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:



Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ ապագա դեսպանին, ապա, Մանոյանի խոսքերով, Սպիտակ տունը վերջապես ներկայացրել է Մարիյա Յովանովիչի թեկնածությունը սենատական հանձնաժողով: «Բուշի աշխատակազմը, հավանաբար, գտավ, որ Երեւանում ԱՄՆ դեսպանի երկար բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների եւ տարածաշրջանում Վաշինգթոնի դիրքորոշումների վրա»,- նշել է Մանոյանը:



Նշենք, որ արդեն 18 ամիս է, ինչ Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինի կիրառման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվեց Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հոգլանդի մոտ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---