8 ապրիլի 2008 - 17:45 AMT
ՄԱԿ-ի քվեարկության արդյունքները արտացոլեցին Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշման իրավական պակասավորությունը
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահների քվեարկությունը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի դեմ, ի լրումն 4 դեմ քվեարկածների եւ 100 ձեռնպահների, վկայում է, որ ՄԱԿ-ի անդամների գերակշռող մասի համար մերժելի է ՄԱԿ-ի որոշումների ընդունման ժամանակ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու նորմերի համակարգված եւ անկանխակալ կիրառման սկզբունքի խախտումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանին, ինչպես նաեւ բանաձեւին կողմ քվեարկած մյուս 37 պետություններին դաս է տրվել ՄԱԿ-ում այնպիսի փաստաթղթեր անցկացնելու անթույլատրելիության առումով, որոնք հակասում են իրենց ամբողջականությամբ Միավորված ազգերի միջազգային պայմանագրաիրավական սուբյեկտայնությունը որոշող հիմնական նպատակներին եւ սկզբունքներին: «Միավորված ազգերն այս քվեարկությամբ հաստատեցին, որ իրենց համար ընդունելի չէ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական բանաձեւում միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի միակողմանի արտացոլումը` ժողովուրդների իրավահավասարության սկզբունքի եւ ազատ ինքնորոշման իրավունքի անտեսմամբ: Գլխավոր ասամբլեան բանաձեւի հեղինակներին ի ցույց դրեց Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ իր ունեցած պարտավորությունների խախտման փաստը»,- ընդգծել է Քոթանջյանը:

Ըստ նրա, փաստորեն Ադրբեջանին նաեւ մատնանշվել է, որ նա պարտավորություններ ունի «ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման իրավունքի»` որպես ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նրա հիմնարար նպատակներից մեկի սահմանման նկատմամբ:

«Որո՞նք են ՄԱԿ-ի քվեարկության արդյունքների գլխավոր կողմնորոշիչ ազդակները: Ընդհանուր առմամբ, քվեարկության արդյունքները կարեւոր քաղաքական կողմնորոշիչ ազդակ են, որ ՄԱԿ-ի համար անթույլատրելի է իր իսկ կանոնադրությունը խախտող բանաձեեւերի ընդունումը Միավորված ազգերի կողմից` կապված իր գլխավոր նպատակի` խաղաղության եւ միջազգային անվտանգության պահպանման նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ: Քվեարկության արդյունքներից երեւում է, որ ՄԱԿ-ի անդամների մեծ մասը հասկանում է Ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման իրավական պակասավորությունը: Բացառապես Ադրբեջանի կողմից «տարածքային ամբողջականություն» կոչվածի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ապակառուցողական մոդելի պարտադրումը Միավորված ազգերի կազմակերպությանը անհարմար դրության մեջ դրեց հենց ՄԱԿ-ին: Համաշխարհային հանրության այնպիսի ազդեցիկ դերակատարները, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանը, որոնք բանաձեւին ասել են «ոչ», ինչպես նաեւ ՄԱԿ-ի 100 ձեռնպահ անդամները հաստատել են Միավորված ազգերի` բոլոր պետությունների համար գլխավոր եւ հրամայական առաքելությունը, այն է` պահպանել միջազգային խաղաղությունը:

Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵՍԶՈՒ-ի պայմանագրով սահմանված սպառազինությունների թույլատրելի առաստաղի բազմակի գերազանցման, այդ պետության ղեկավարության աճող ռազմատենչ ճարտասանության պայմաններում ՄԱԿ-ի կանոնադրական պահանջների անտեսման ցուցադրումը աշխարհին ահազանգում են, որ խաղաղության համար իրական սպառնալիք կա այնպիսի կարեւոր աշխարհառազմավարական տարածաշրջանում, ինչպիսին է Սեւծովյան ավազանը: Այս իմաստով Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ, միջազգային հանրությանը պաշտոնապես հայտարարեցին իրենց մտահոգությունը այն բանի կապակցությամբ, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմ սանձազերծելու Հարավային Կովկասում: Ադրբեջանի ռազմամոլության չընդունումը Միավորված Ազգերի մյուս կարեւոր կողմնորոշիչ ազդակն է»,- ասել է գեներալ-մայորը, հավելելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը կուտակել է Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ միջնորդության մեծ փորձ եւ ամենեւին էլ չի սպառել իր կառուցողական ներուժը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: