17 մայիսի 2018 - 14:35 AMT
Առողջապահության նախարարն առաջիկայում ծխելու դեմ պայքարին չի անդրադառնա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ մոտ ապագայում ծխելու դեմ պայքարին չի անդրադառնա՝ պատասխանելով այն հարցին թե շարունակելու է այդ պայքարը:

Նախարարը կարծում է, թե ծխելու դեմ պայքարի նախագիծը շրջանառության մեջ նախկին նախարարը չի դրել, հայտնում է Aysor.am-ը:

«Դա Հայաստանի միջազգային ստանձնած պարտավորությունների շրջանակներում է, խնդրում եմ չանձնավորել, յուրաքանչյուր առողջապահության նախարար պարտավոր է մտածել իր քաղաքացիների առողջության մասին, եթե այդ համատեքստում նայենք, մենք հիմա էլ ունենք նման օրենք, որը գործում է», - ասել է նա:

Անդրադառնալով տուգանքների մասին բողոքներին՝ նա ասել է, որ դրանք պետք է վերանայվեն: «Պետք է լինեն կանխարգելող, բայց նաև չվախեցնող», - ասել է Արսեն Թորոսյանը:

Խոսելով այն հարցի մասին, թե ինչ փուլում է դեղատոմոսով դեղերի դուրսգրման հարցը, նախարարն ասել է, որ հարցը քննարկվում է:

«Քննարկում ենք, կտեղեկացնենք հավելյալ, որ, հավանաբար, կհետաձգվի», - ասել է Թորոսյանը:

ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման էր ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ էր սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքն, ըստ նախագծի, կարող է կազմել 250.000 դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100.000 դրամ։

Մինչդեռ երևանյան որոշ բարերում արգելել են ծխելը՝ չսպասելով նախագծի ընդունմանը: