Զեյնալյան. Անհրաժեշտ գործիքակազմով հակակոռուպցիոն մարմին կստեղծվի

Զեյնալյան. Անհրաժեշտ գործիքակազմով հակակոռուպցիոն մարմին կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին: Այդ մասին հայտարարել է արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովի ժամանակ:

«Մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթներ», - ասել է Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար։

Նախարարի խոսքով՝ ռազմավարությունն ուղղված է լինելու քաղաքացիների և պետական մարմինների շփումը նվազագույնի հասցնելուն և վարչարարության պարզեցմանը։

«Ռազմավարությունն ուղղված է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցության ուղիների սահմանմանը։ Առանցքային ուշադրության է արժանանալու կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավումը», - ասել է Զեյնալյանը։

Նա ընդգծել է նաև, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել կոռուպցիան համատեղ ուժերով հաղթահարելու, կոռուպցիոն երևույթների դեպքում պատիժն անխուսափելի դարձնելու ուղղությամբ։

2017-ին խորհրդարանը միաձայն մի քանի օրենք է ընդունել, որոնցով երկրում առաջին անգամ ստեղծվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կոռուպցիայի կանխարգելման մարմին։ Նախատեսվում էր այն գործարկել 2018-ին, իսկ անդամները ընտրվելու են ԱԺ կողմից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---