22 մայիսի 2018 - 14:38 AMT
Դեսպան. Շվեյցարիայի նախագահը կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

ՀՀ-ն և Շվեյցարիան պետք է ակտիվացնեն ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժն իրացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպմանը՝ կարևորելով տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը:

Դեսպանը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ամրապնդելու երկկողմ կապերը: Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունը աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում և այժմ ուսումնասիրում են մեր երկրի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Լուկաս Գասսերն ասել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու և դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով: Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու և միջազգային հարթակներում սերտ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության և Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը և Լուկաս Գասսերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության ընթացիկ հարցերի:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին:Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոտկեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն անցկացվելու է Ծաղկաձորում: ֆորումին հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհից։