22 մայիսի 2018 - 15:20 AMT
Շարմազանով. Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին դեռ վաղ է խոսել

Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այդ հարցի շուրջ պատասխան պատրաստ չեմ տալ։ 5 ամիսը մեկ ՀՀ-ում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, և եթե այդ տրամաբանությամբ նայենք՝ 5 ամիսը մեկ պետք է ընտրություն անենք։ Կքննարկենք՝ կտեսնենք, ամեն ինչի համար իրավական և քաղաքական հիմնավորում կլինի, բայց այս պահին ես դա չեմ տեսնում», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Շարմազանովը նշել է, որ արտահերթ ընտրությունների հիմք կարող է լինել Փաշինյանի ներկայացրած ծրագրի ձախողումը, մինչդեռ նրա խոսքով, Փաշինյանի հայտարարություններից պարզ է, որ վերջինս չի պատրաստվում ներկայացնել այնպիսի ծրագիր, որը մերժվի։

«Եթե մենք այդ ծրագիրն ընդունում ենք, այլ փուլի մեջ ենք մտնում և առաջիկա ամիսներին արտահերթ ընտրություններ անցկացնելը բացառված է, հետո ինչ կլինի՝ պատրաստ չեմ պատասխանել։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ», - նշել է նա։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ Շարմազանովը նշել է, որ իր կարծիքով ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել ժողովրդավարությանը։

Նա ընդգծել է, որ անգամ եթե ամբողջ աշխարհն ունենա մի կարծիք, որի հետ ինքը համաձայն չէ, նա, միևնույն է, կմնա իր կարծիքին։

«Իմ կյանքի հերոսը Վազգեն Սարգսյանն է, ինքը ասում էր. «Եթե ամբողջ աշխարհն էլ լինի հոմոսեքսուալիստների և աղանդավորների պաշտպանը, ես հոմոսեքսուալիստների և աղանդավորների պաշտպան լինել չեմ կարող», - հիմա ես և այդ հարցի շուրջ եմ նրա հետ համաձայն, և շատ հարցերի: Մարդ պետք է ունենա իր համոզմունքը», - ընդգծել է նա։

Մինչդեռ մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, որքան որակը: