22 մայիսի 2018 - 21:24 AMT
Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ Երևանի ավագանիում մնալու համար

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորական մանդատ ստացած Ալեն Սիմոնյանը մանդատըվայր դնելու դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ արել է դա Երևանի ավագանիում մնալու համար, քանի որ կանգնած էր ընտրության առջև՝ մնալ ավագանու կազմում, թե դառնալ պատգամավոր:

«Դիմում եմ ներկայացրել ԱԺ ղեկավարությանն իմ լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Օրենքով սահմանված կարգով, երբ ավագանու անդամ լինելով ընտրվում է ԱԺ, հնարավորություն ունի 7 օրում ուղղել այդ իրավիճակն ու ընտրել այդ մանդատներից մեկը»,- նշել է Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ իր որոշման մասին նաև գրավոր տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Արել եմ դա հանուն Երևանի, հանուն այն աղավաղված շենքերի, որոնք ունենք, հանուն անօրինական սեփականաշնորհված մանկապարտեզների, հատված ծառերի, հանուն մաքուր ու սիրուն Երևանի, որը բոլորս շատ ենք սիրում», - նշել է նա:

Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ԿԸՀ որոշմամբ ԱԺ պատգամավորի մանդատ էր ստացել՝ ԵԼՔ խմբակցությունում փոխարինելով ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին: