Գլխավոր դատախազ. Կան վարույթում գտնվող քրգործեր, որոնք կարելի է քննարկել

Գլխավոր դատախազ. Կան վարույթում գտնվող քրգործեր, որոնք կարելի է քննարկել

PanARMENIAN.Net - Կան վարույթում գտնվող քրեական գործեր, որոնք կարելի է քննարկման առարկա դարձնել երկրում տեղի ունեցած իրադրության փոփոխության պատճառով: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում:

Ըստ դատախազի, իրադրության փոփոխության արդյունքում անձը, կամ նրա կատարած հանցանքը հանրության համար դադարում է վտանգավոր լինել, կամ նվազում է դրա վտանգավորությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արթուր Դավթյանն այս հայտարարությունն արել է ի պատասխան ԵԼՔ դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հարցին, թե ինչու գլխավոր դատախազը հրաժարական չի տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովուրդն իրեն չի վստահում: Մասնավորապես, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե երկրում կան քաղաքական բանտարկյալներ, մինչդեռ գլխավոր դատախազը հերքում է:

«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում, ընդ որում մենք օրենսդրական այդպիսի ձևակերպում ունենք՝ իրադրության փոփոխություն, անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել, կամ նվազում է վտանգավորությունը։ Այո, մենք ունենք քրեական գործեր, հատկապես դատարանի վարույթում քննվող, որոնք կարելի է քննարկել:... Հիմա չեմ անհատականացնում, բայց պետք է ունենանք համապատասխան անձի այնպիսի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է նրա վտանգավորության փոփոխության։ Մենք պատրաստ ենք քննարկել և տեսնել, թե ստեղծված իրադրության փոփոխման պայմաններում ինչպիսի իրավակարգավորումների տիրույթում, որ խնդիրները նոր լուծումներ կարող են ստանալ։ Մենք բաց ենք այդ քննարկման համար։ Մենք նաև առաջիկայում ինքներս կնախաձեռնենք որոշակի այդպիսի քննարկումներ», - ասել է գլխավոր դատախազը։

Դատախազը հավելել է նաև. «Մենք ունենք քրեական գործեր, որտեղ մարդիկ նախապատրաստվում էին իրականացնել զանգվածային անկարգություններ, պետությանը ներկայացնում էին պահանջներ՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց, այսօր մենք չունենք այդ պաշտոնատար անձանց»։

Դատախազն ուշագրավ հայտարարություն է արել նաև Մարտի 1-ի քրեական գործով՝ հայտարարելով, որ նախաքննությունն ընթացքի մեջ է և այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ: «Վստահեցնում եմ, որ այդ գործի մեջ կա բավականին կարևոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվում են», - ասել է գլխավոր դատախազը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը, որի անհրաժեշտության մասին խոսվել էր տարբեր շրջանակներում, Դավթյանն ասել է. «Հարցաքննության համար պետք է լինեն հիմքեր: Վարույթն իրականացնող մարմինը տակտիկական նկատառումներից ելնելով, ինքն է որոշում` որ ձեռքբերված նյութերի պայմաններում ում հարցաքննի: Եթե դա պետք է արվի զուտ ցույց տալու համար, դա վարույթին ոչինչ չի տա»:

Այդուհանդերձ, գլխավոր դատախազը չի բացառել, որ առաջիկայում Մարտի 1-ի գործով հանրությանը նորություններ կհաղորդվեն. «Ես չեմ թաքցնում, որ, հնարավոր է, առաջիկայում մենք ունենանք արդյունքներ և պայմանավորված նաև այն հանգամանքով, որ կունենանք քննության հետ համագործակցող անձինք»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---