23 մայիսի 2018 - 16:29 AMT
Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրում են լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հիմնավորել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հենակետի հարակից տարածքում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:

Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:

Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է նրան հեռացնել նշված հատվածից:

«Հանդիպելով Մուրադյանի արդարացի և իրավաչափ ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաև այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել, այդուհանդերձ, Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից», - ասվում է ՀԾՔ-ի հաղորդագրության մեջ:

Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: