25 մայիսի 2018 - 10:18 AMT
Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին. Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնում

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում «ամենաանպատրաստ» գեներալն է նշանակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով այդ պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմանը:

«Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը նորանշանակ գլխավոր շտաբի պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնում։ Անկեղծ անհանգիստ եմ», - գրել է Աղաբեկյանը՝ հավելելով, որ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և կադրային քաղաքականության նկատմամբ միշտ ունեցել է հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։

Ավելի վաղ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ էր նշանակվել։

Դավթյանը զբաղեցրել է, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի, ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները։ Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել է Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ջոկատում, այնուհետև՝ Մեղրիում, Կապանում, մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։