
ՀՀԿ-ն հեղափոխական, հակահեղափոխական կուսակցություն չէ, ոչ էլ՝ ռևանշիզմի կամ սաբոտաժի կողմնակից: Այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը մայիսի 24-ի ՀՀԿ ԳՄ նիստից հետո:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց ՀՀԿ-ի օրակարգում չկա: «Կարծում եմ՝ այս հարցը առավելապես հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում է: Վարչապետի ու նախագահի հայտարարություններն այս հարցի շուրջ նպաստում են բազմակարծությանը, բայց մեր քաղաքական օրակարգում նման բյուրեղացած հարց չկա»,- ընդգծել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա նաև նշել է, որ միջազգային փորձը ևս հուշում է՝ նման կայծակնային իշխանափոխությունից հետո արտահերթ ընտրություններ կազմակերպելը լավագույն գաղափարը չէ, քանի որ դրա քաղաքական տրամաբանությունն այս պահի դրությամբ Հայաստանում գոյություն չունի։
Աշոտյանը նշել է նաև, որ Հանրապետական կուսակցության քաղաքական կենսագրությունը խարխսված է բացառապես Հայաստանի ազգային և պետական շահերի վրա։ Լինելով խորհրդարանական մեծամասնություն, բայց միևնույն ժամանակ ընդդիմություն, ՀՀԿ-ն, ըստ Արմեն Աշոտյանի, իր պատարստակամությունն է հայտնել աջակցել նոր կառավարության աշխատանքներին՝ քաղաքական քննարկումների դիսկուրսը տեղափոխելով ծրագրային դաշտ:
«Կարծում եմ, որ ՀՀԿ-ի գոյությունը խորհրդարանում նոր կառավարության համար մեծագույն առավելություններից մեկն է, քանի որ կարող է օգտվել ՀՀԿ-ի ոչ միայն քաղաքական աջակցությունից, այլ նաև ծրագրային, բովանդակային աջակցությունից։ Իսկ բովանդակային աջակցություն ասելով պետք է հասկանանք՝ բազմակարծությունը, ազատ խոսքը, բանավեճերը, երկխոսությունը»,- ասել է Աշոտյանը։
Նա նաև նշել է, որ այն մարդիկ, որոնք փորձում են ինչ-ինչ ընթացիկ խնդիրների մեղքը դնել ՀՀԿ-ի ուսերին, առնվազն իրենց խղճի առջև ազնիվ չեն, քանի որ մայիսի 8-ից հետո կուսակցությունը չի իրականացնելու գեթ մեկ գործողություն, որը կխաթարի պետական ինստիտուտների գործունեությունը, հարցականի տակ դնի պետական ապարատի գործունեության արդյունավետությունը։ «Կարծում եմ՝ հանրապետականի ուրվականի դեմ պայքարող քաղաքական գործիչները պետք է իրենց համար նոր թիրախ ընտրեն»,- նշել է Արմեն Աշոտյանը՝ առաջարկելով որպես թիրախ ընտրել Հայաստանում դեռևս գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները՝ հատկապես, որ հասարակության սպասելիքներն այդ խնդիրների լուծման հարցում բավականաչափ մեծ են։
Նրա խոսքով՝ սաբոտաժի հետ կապված վարչապետը նույնպես մի քանի անգամ խոսել է, այդուհանդերձ, ըստ նրա, դեռ կան շրջանակներ, որոնք քաղաքական դիվիդենտներ շահելու համար այլ թիրախներ չեն կարողանում ընտրել և գերադասում են պայքարել ստվերի դեմ. «Ստվեր, առավել ևս քաղաքական ստվեր, գոյություն չունի։ ՀՀԿ-ն ստվերային կուսակցություն չէ, այլ ամենատեսանելի, ամենապետականամետ քաղաքական ուժերից մեկն է Հայաստանի այսօրվա քաղաքական կյանքում»։
Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, որքան որակը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին ասել է, որ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը պետք է քննարկվի ու լուծվի Ազգային ժողովում: