25 մայիսի 2018 - 11:15 AMT
Ալեն Սիմոնյանը կմասնակցի Երևանի ավագանու նիստին

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կմասնակցի Երևանի ավագանու մայիսի 30-ի նիստին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ ԱԺ պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։ Սիմոնյանը նշել էր, որ պատրաստվում է մասնակցել Ավագանու առաջիկա նիստին:

«Այսօր իմ ընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմել էր Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունն ապահովելու համար։ Որպես խմբակցության ղեկավար արձագանքելով գործընկերոջս տեսաուղերձին՝ պետք է ասեմ, որ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ կետի 4-րդ ենթակետը, պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին»,-ասվում է Խաժակյանի գրառման մեջ։

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել էր Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու պահանջով: Մայիսի 22-ին Սիմոնյանը հրաժարվեց ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից, որը նա ստացել էր մի քանի օր առաջ՝ ԱԺ-ում փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: