Ադրբեջանցի փորձագետ. «Թավշյա» հեղափոխությունը փշրեց Ալիևի՝ կառավարության փոփոխություններով պարծենալու ծրագիրը

Ադրբեջանցի փորձագետ. «Թավշյա» հեղափոխությունը փշրեց Ալիևի՝ կառավարության փոփոխություններով պարծենալու ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը մթագնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո կառավարության կազմի փոփոխություններով միջազգային հանրությանը տպավորելու ծրագիրը: Այս մասին «Ճգնաժամերի միջազգային խումբ» (International Crisis Group) կազմակերպության կայքում գրել է ադրբեջանցի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Զաուր Շիրիևը:

Ըստ նրա, Բաքվի վերնախավը մտահոգ է, որ շփման գծում յուրաքանչյուր ակտիվություն կարող է արժանանալ միջազգային հանրության վատ արձագանքին, ինչը կդիտարկվի որպես «բացասական ազդակ «թավշյա» հեղափոխության ֆոնին»:

«Նրանք (Ադրբեջանի իշխանությունները-խմբ.) հույս ունեին, որ ապրիլի 11-ի ընտրություններում Ալիևի հաղթանակից հետո նրա կառավարության փոփոխությունը, որն առ այսօր Ալիևի իրականացրած ամենանշանակալի փոփոխությունն է, միջազգային որոշակի դրական ընկալում կձևավորի», - ասել է ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ Բաքուն ցանկանում է մատուցել այս փոփոխությունները որպես ներքին բարեփոխումների առաջին քայլ, սակայն Հայաստանի իրադարձությունները «ստվեր գցեցին՝ թողնելով դրանք գրեթե աննկատ»:

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության «Իմ Քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հավաքները, քայլերթերն ու բողոքի այլ ակցիաներ:

Բողոքի ոչ բռնի զանգվածային ակցիաների 11 օրը՝ ձերբակալություններից, ոստիկանության կողմից ուժի կիրառումից, երկխոսության բազմաթիվ կոչերից և ձախողված բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանի հայտարարած «թավշյա» հեղափոխության առաջին նպատակն իրագործվեց՝ ՀՀ նորանշական վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնավարելով ընդամենը յոթ օր, հրաժարական տվեց: Իսկ մայիսի ութին Ազգային ժողովը ընտրեց նրան ՀՀ վարչապետի պաշտոնում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---