«Տաշիրին» Բարձրավոլտ էլցանցերի փոխանցման պայմանագիրը չեղարկվել է

«Տաշիրին» Բարձրավոլտ էլցանցերի փոխանցման պայմանագիրը չեղարկվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

«Բարձրավոլտ էլցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեին «Տաշիր գրուպին», բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկ: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Արթուր Գրիգորյանը չի մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը՝ ուղղակի նշելով, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ ավելի օգտակար կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա որպես պետական:

Անդրադառնալով այն լուրերին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանել է, որ այդ տեղեկությունները բացարձակ սուտ են:

Պայմանագրով նախատեսվում էր, որ «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի:

Էլեկտրաուժային սարքավորումների և փոխանցող հարմարանքների տեղական արտադրությունը նախատեսվում էր կազմակերպել բարձր համբավ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ սկզբնական փուլում հավաքակցման, այնուհետև՝ ամբողջական արտադրության կազմակերպման եղանակով: Արտադրանքի իրացման շուկաները կլինեն նաև ԵԱՏՄ երկրները, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, ներառյալ բարձր որակավորման և բարձր վարձատրվող մոտ 1200 աշխատատեղ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---