«Ավրորայի» մրցանակակիր Քաթինան կրկին կժամանի ՀՀ, կլինի նաև Արցախում

«Ավրորայի» մրցանակակիր Քաթինան կրկին կժամանի ՀՀ, կլինի նաև Արցախում

PanARMENIAN.Net - «Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 31-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու 2018-ի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը և դրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։ Այս տարի հանդիսավոր միջոցառումների եռօրյակը տեղի կունենա հունիսի 8-10-ն ընկած ժամանակահատվածում, և կամփոփվի «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անվան ազդարարմամբ։

Կարևորագույն միջոցառումներից են լինելու նաև Aurora Dialogues ամենամյա քննարկումները, որոնք միջազգային նոր հարթակ են, ուր մարդասիրության և բիզնեսի ոլորտների առաջատարները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունը ինչպես կարող է իմաստալից ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։

Թոմ Քաթինան ուղևորություն կկատարի Հայաստանով և Արցախով։ Հունիսի 4-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանում նա հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին և ծառ կտնկի Հիշողության պուրակում։ Նույն օրը նա կմասնակցի իրեն իբրև «Ավրորա» մրցանակի 2017-ի դափնեկրի պատկերող հատուկ նամականիշի թողարկման շնորհանդեսին։

Նուբա լեռների բնակիչներին սպասարկող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան հունիսի 5-ին կժամանի Զանգեզուր և կանգ կառնի Սիսիանի զինվորական հոսպիտալում, որտեղ կհանդիպի գործընկեր բժիշկների հետ։ Հանդիպմանը կհետևի Սիսիանի Մշակույթի տանը կազմակերպված զրույց տեղի բուժաշխատողների և այլ մասնագիտական անձնակազմերի հետ։ Այստեղ կցուցադրվի նաև «Ոչ նուբացի բժիշկները Նուբայում» ֆիլմը, որն ամփոփում է այն երեք հայ բժիշկների գործունեությունը, որոնք 2017-ի մայիսին բժիշկ Քաթինային փոխարինելու համար մեկնեցին Նուբա լեռներ՝ հնարավոր դարձնելով Թոմ Քաթինայի ներկայությունը 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։

Մրցանակի հյուրը հնարավորություն կունենա նաև վայելելու Հայաստանի հարավը՝ այցելելով Գորիս, Հալիձոր, Տաթևի վանական համալիր և «Տաթևեր» ճոպանուղի։ Տեղի համայնքի հետ հանդիպումից հետո Թոմ Քաթինան կմեկնի Արցախ, որտեղ կհանդիպի նաև արցախցի երիտասարդության, ուսանողության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների ու պետական պաշտոնյաների հետ։

Անցյալ տարվա նմանատիպ այցելության ընթացքում բժիշկ Քաթինան, խոսելով Հայաստանի մասին, ասել է. «Այսպիսի հյուրընկալության կյանքումս երբեք չեմ հանդիպել և խորապես զգացված եմ Հայաստանի ժողովրդից։ Երբ եկա, ինձ թվաց, թե ընտանիքիս հետ եմ։ Ու մեկը չէ՝ բոլո՛րն էին այդպիսին։ Ուր գնայի, միևնույն ընդունելությանն էի արժանանում։ Դուք շատ ուրույն մի բան ունեք այստեղ, իսկապե՛ս։ Կուզեմ հայ ժողովուրդն իմանա, որ անչափ բացառիկ բան ունի իր երկրում։ Մի՛կորցրեք դա», հայտնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

Հայաստան այցելությունից հետո Թոմ Քաթինան կվերադառնա Սուդան՝ շարունակելու իր գործը։

Որպես կաթոլիկ միսիոներ՝ Թոմ Քաթինան, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից մեկնելով Սուդան, փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված և մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Իր ցուցաբերած անձնվիրության և մարդկությանը մատուցած ծառայությունների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը,ստեղծված Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, նրան արժանացրել է «Ավրորա» մրցանակի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---