«Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» քարոզարշավն ամփոփվել է ինտերակտիվ խաղ-մրցույթով

«Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» քարոզարշավն ամփոփվել է ինտերակտիվ խաղ-մրցույթով

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին կայացավ ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագրի առաջին փուլի ամփոփումը: Ծրագրի ընթացքում՝ 2017-ի հոկտեմբերից մինչև ապրիլ վերապատրաստում է անցել 60 մանկաբույժ, ավելի քան 1200 ընտանիքի շրջանում իրականացվել է գիտելիքների, ինչպես նաև՝ ծնող-մանկաբույժ կապի գնահատում և ամրապնդում: Ծրագրի կազմակերպիչները քարոզարշավի հիմնական առանցքը համարում են հենց այդ կապը, դրա ամրապնդումն ու զարգացումը: Պարզից էլ պարզ է, որ մեկ մանկաբույժն իր կարիերայի ընթացքում հասցնում է «կրթել» հարյուրավոր ծնողների՝ ակամա ներազդելով նրանց երեխաների առողջության վրա:

Սակայն, ծնող-մանկաբույժ «գործակցությունը» կարող է արդյունավետ լինել երեխայի համար, եթե մանկաբույժը տիրապետում է իր ոլորտին առնչվող նորագույն մոտեցումներին, մանկաբույժը պատրաստակամ է համապատասխան գիտելիքներ փոխանցել ծնողներին, ունի ծնողի հետ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվության գրագետ մատուցման հմտություններ:

Քարոզարշավի արդյունքում ավելի քան 60 մանկաբույժ ամենատարբեր մասնագետների կողմից ստացել են նմանօրինակ հմտությունների զարգացման ուղղված գիտելիքներ:

Ծրագրի առաջին փուլն ընդգրկում էր 4 մարզ՝ Լոռի, Տավուշ, Արարատ և Կոտայք: Ամբողջ արշավը բաժանված էր 4 փուլի: Նախ, յուրաքանչյուր մարզից ընտրվել են բուժհաստատություններ, որտեղ իրազեկող թիմը հանդիպումներ է ունեցել այդ հաստատություններում գրանցված երեխաների ծնողների հետ, նրանց շրջանում անցկացվել է մանկան խնամքին, առողջությանը վերաբերող հարցում, որի միջոցով պարզվել է վերջիններիս իրազեկվածության մակարդակը: Այնուհետև մանկաբույժը ներկաների համար անցկացրել է դասընթաց մանկական խնամքի և առողջության թեմայով:

Ընտրված 60 մանկաբույժները, յուրաքանչյուրն իր մարզում մասնակցել են քարոզարշավի երկրորդ փուլին:

Մանկաբուժների համար մշակվել է հատուկ ծրագիր, որն ուղղված է եղել բարձրացնելու մասնագետների հաղորդակցության, շփման հմտությունները, օգնելու նրանց վերանայելու իրենց աշխատելաոճը, ավելի արդյունավետ կազմակերպելու օրը, ճիշտ տնօրինելու ժամանակը:

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը նշեց, որ Սեմինարի առանցքային թեմաներն էին հարցաթերթիկների արդյունքների վերլուծությունը, մանկաբույժներին հուզող հարցերի բարձրաձայնումը, ծնող-մանկաբույժ հաղորդակցության հմտությունների ներկայացումը, աշխատանքի հանդեպ հետաքրքրության բորբոքումը և մոտիվացումը, աշխատանքի արդյունավետ կազմակերպման մեխանիզմների սերտումը:

Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը միջոցառման ընթացքում կարևորեց գործակցության ձևավորումն ու ամրապնդումը մանկաբույժների և ծնողների միջև, քանի որ նրանք են երեխաների հետ շփման, նրանց խնդիրների լուծման առաջին օղակը:

«Այս ընթացքում ՅՈւՆԻՍԵՖ-ը փոխել է իր աշխատելաոճը ծնողների հետ, քանի որ փոխվել են ժամանակներն ու մոտեցումները: Հայաստանում մեր աշխատանքի առաջին տասնամյակում պարզապես թռուցիկներ ենք տպել և բաժանել մարդկանց, իսկ մասնագետները պարզապես խորհուրդներ են տվել ծնողներին, որոնք էլ իրենց հերթին լսել են դրանք, սակայն ակնհայտ է, որ մեծացել է ծնողների մի նոր սերունդ, որն ի վիճակի է տեղեկատվություն ստանալ առցանց ռեսուրսներից, տարածել այդ տեղեկատվությունը: Այսինքն շփումն այլևս միակողմանի չէ՝ մի կողմից տեղեկատվություն է ներկայացվում, մյուս՝ դրա վերաբերյալ հարցեր են բարձրացվում: Մանկաբույժները պետք է տիրապետեն իրենց ոլորտի բոլոր ժամանակակից միտումներին, քանի որ նրանք են, որպես կանոն, ծնողների մոտ երեխայի խնամքի սկզբունքների մասին հիմնական պատկերացումները ձևավորողները: Հենց մանկաբույժները պետք է լինեն այն տեղեկատվության ստուգողները, որոնք ծնողները կհայտնեն իրենց», - նշեց Ռադոչայը՝ հորդորելով մայրերին համացանցում հանդիպող յուրքանչյուր տեղեկատվություն ստուգել և լինել չափազանց զգույշ:

Ըստ նրա, իրականացված արշավը միտված չէր միայն ծնողների շրջանում իրազեկվածության բարձրացմանը. դրա նպատակը նաև առողջապահության համակարգի մասնագետների՝ նոր սերնդի ծնողների հետ հաղորդակցության հմտությունները զարգացնելն էր:

«Շատ երջանիկ կլինենք կիսել այս փորձը օտարերկրացի մասնագետների հետ, քանի որ եթե կա դրական փորձ, ապա կարող ենք կիսել այն նաև այլ երկրների հետ», - ասաց Ռադոչայը՝ հավելելով, որ մանկաբույժների և ծնողների գործընկերությունը կենսական նշանակության ունի ծրագրի հաջողության տեսանկյունից:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը միջոցառման ընթացքում նշեց, որ նախարարության առջև դրված խնդիրների շարքում մոր և մանկան առողջությունը մշտապես եղել է գերակա:

«Ծնողի գիտելիքները և հմտությունները շատ կարևոր են երեխայի առողջ աճի, մտավոր ու ֆիզիկական զարգացման համար: Ապացուցված է, որ բավարար գիտելիքներով զինված մայրերի երեխաների հիվանդանալու և մահվան ռիսկերն անհամեմատ ավելի քիչ են», - նշեց նա՝ հավելելով, որ 2018-ին հաջողվել է իջեցնել ՀՀ-ում մանկական մահացության ցուցանիշը, ինչը նաև երեխայի ճիշտ խնամքի և առողջության պահպանմանն ուղղված նմանօրինակ արշավների արդյունք է:

Բանախոսների ելույթներին հաջորդեց միջոցառման ինտերակտիվ հատվածը, որի շրջանակում չորս մարզից վերապատրաստված ծնողների թիմերը փորձեցին իրենց գիտելիքները մանկան խնամքի և առողջության պահպանության վերաբերյալ: Հաղթողներ և պարտվողներ չեղան՝ թիմերը մրցանակներ ստացան տարբեր անվանակարգերում:

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ քարոզարշավը շարունակական կլինի՝ ընդգրկելու համար Հայաստանի բոլոր մարզերը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---