14 ապրիլի 2008 - 14:49 AMT
Ռուսաստան. Ապրիլի 20-ին` Հիտլերի ծննդյան օրը, սափրագլուխները ծրագրում են զանգվածային հարձակումներ կատարել «ոչ ռուսների» վրա
Ռուս իրավապաշտպանները խնդրում են միլիցիային զգոն լինել այն ակցիաների կապակցությամբ, որոնք ծայրահեղական ազգայնամոլները ծրագրում են անցկացնել ապրիլի 20-ին` Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը: Ներգաղթածները խիստ հուզված են, նրանք արդեն պատրաստ են իրենք արդարությունը վերականգնել:

Արդեն 20 տարուց ի վեր, 1980-ականների վերջից, ծայրահեղական ազգայնամոլները ձգտում են հրապարակային ակցիաներով նշել Հիտլերի ծննդյան օրը: Ամեն անգամ այդ օրը մեծաթիվ հարձակումներ են լինում օտարերկրյա քաղաքացիների, Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից ներգաղթածների վրա, բացի այդ, նեոֆաշիստները հաճախ պղծում են հրեաների օբյեկտները: Ծայրահեղական-ազգայնական կազմակերպություններից մեկն արդեն հայտարարել է ապրիլի 20-ին Մոսկվայում զանգվածային ցույցի անցկացման մասին, հայտարարել է Մարդու իրավունքների Մոսկվայի բյուրոյի` ՄԻՄԲ տնօրեն Ալեքսանդր Բրոդը:

«2002 թվականից ի վեր մոսկովյան բուհերում, որտեղ ուսանում են արտերկրյա ուսանողներ, ապրիլի 20-ին նրանց թույլատրվում է չմասնակցել պարապմունքներին, ինչպես նաեւ խորհուրդ է տրվում հանրակացարաններից դուրս չգալ: Այդ միջոցը սկսել են կիրառել նաեւ Սանքտ Պետերբուրգի ու Նիժնի Նովգորոդի բուհերը»,-նշել է ՄԻՄԲ ղեկավարը:

Այս տարի ֆյուրերի ծննդյան օրվա նախօրեին ազգային համայնքները եւ օտարերկրացի ուսանողներն արդեն սկսում են մտահոգվել: Ինտերնետում նրանք կոչ են անում միմյանց հատկապես զգուշավոր լինել այդ օրը, սահմանափակել տեղաշարժը փողոցում, դուրս չգալ միայնակ: Տարբեր համայնքների ներկայացուցիչներ հայտնում են նաեւ, որ ի պատասխան ռուսական իշխանությունների անգործության, ներգաղթողները իրենք կարող ենք արդարություն գործել: Բրոդի խոսքերով, ծայրահեղական ներգաղթողների կայքերը լի են այդ օրը բռնությամբ նշելու կոչերով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: