Մոսկվայում սպանված Արթուր Սարդարյանի հարազատները մտադիր են դիմել Ստրասբուրգի միջազգային դատարան

PanARMENIAN.Net - 2006 թվականի մայիսին Մոսկվայում սպանված հայաստանցի Արթուր Սարդարյանի հարազատները մտադիր են դիմել Ստրասբուրգի միջազգային դատարան: «Մենք բողոք կներկայացնենք երկու շաբաթվա ընթացքում: Արթուրի հարազատները դեռեւս մեկ հնարավորություն ունեն արդարության հասնելու Ռուսաստանում, սակայն դրա համար անհրաժեշտ է դատախազության միջնորդությունը: Նեոնացիստական գաղափարներն այնքան ամուր են նստած ոմանց ուղեղներում, որ նաեւ ատենակալների շրջանում այսօր կարող են լինել մարդիկ, որ կիսում են այդ հայացքները»,-նշել է Սարդարյանների ընտանիքի փաստաբան Սիմոն Ծատուրյանը, գրում է «Նովիե իզվեստիա» թերթը:



Փաստաբան եւ իրավապաշտպան, Իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար Կարինա Մոսկալենկոյի խոսքերով, գազանաբար սպանված տղայի հարազատները Ստրասբուրգում հասկացված լինելու շանս ունեն: «Այժմ այնտեղ դիտարկվում են երկու կամ երեք նման բողոքներ ռուսաստանցիներից: Եթե Արթուր Սարդարյանի հարազատները բողոք ուղղեն Եվրոպական դատարան, նրանք հնարավորություն ունեն ապացուցելու, որ քննությունը չի կարողացել համոզել ատենակալներին կասկածյալի մեղքը: Այլ երկրների բնակիչները ավելի քիչ են դիմում ռասայական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների առիթով: Մեծ հարց է` կարելի՞ է արդյոք այլատյացության հետ կապված գործերը վստահել ատենակալների դատարաններին»,-գտնում նա:



Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ՌԴ Գերագույն դատարանը ուժի մեջ թողեց Ռոման Պոլուսմյակին արդարացնող դատավճիռը, որը մեղադրվում էր 19-ամյա հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության համար, որ կատարվել է 2006 թվականի մայիսին: Սարդարյանին նեոնացիստները սպանել էին Մոսկվա-Սոֆինո էլեկտրագնացքում: Այդպիսով, օրինական ուժի մեջ մտավ այս տարվա փետրվարին կայացված դատավճիռը: Այն հիմնված է ատենակալների կոլեգիայի որոշման վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---