«Քեթրին Գրուպի» սեփականատեր Մերինո. ՔԿ-ն խախտում է անմեղության կանխավարկածը

«Քեթրին Գրուպի» սեփականատեր Մերինո. ՔԿ-ն խախտում է անմեղության կանխավարկածը

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն խախտում է անմեղության կանխավարկածը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն՝ հավելելով, որ փորձ է արվում ապատեղեկատվություն դնել շրջանառության մեջ:

«Քեթրին Գրուպի» սեփականատերերից է նաև ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը:

«Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է, թե ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ: Իսկ այժմ իրականությունը․ ՀՀ քննչական կոմիտեն հարցում է ուղղել «Քեթրին Գրուպ» և «Ֆրուտիմեքս» ընկերություններին՝ թե արդյո՞ք նրանց ենթակայության տակ հաշվառված են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ։ Ի պատասխան նշյալ հարցմանը՝ «ՖրուտիՄէքս» ընկերությանը պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի 333QD33 համարանիշի ավտոմեքենան ներկայացվել է զննության, իսկ «Քեթրին Գրուպ»-ից հայտնել են ընկերությունում հաշվառված «Պորշ Կայեն» մակնիշի 989LP61 համարանիշի խափանված ավտոմեքենայի գտնվելու վայրը։ Ընդամենն այսքանը։ Մինչդեռ տարածված հայտարարությունը, կարծես, ամբոջովին այլ ենթատեքստով է ներկայացված։ Տպավորություն է, թե փորձ է արվում շրջանառության մեջ ապատեղեկատվություն դնել»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ:

«Եվ վերջապես, խախտելով անմեղության կանխավարկածը, ՔԿ-ն հայտարարում է, թե վերը նշված ավտոմեքենաներում գտվել են Ուլնեցու փողոցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած անձինք: Ավելին, նման հայտարարությամբ հանդես գալու համար մինչ օրս ներկայացված չէ մեղավարությունը ապացուցող և ոչ մի փաստ: Ուստի պահանջում ենք պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու պարագայում ներկայացնել փաստերն ամբողջությամբ` հանրությանը ընտրողաբար չներկայացնելով այն, ինչը նպատակահարմար է գտնում քննչական մարմինը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:

2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ փակել են Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ Կայեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվելԵրևանի բնակիչ Ա.Իսոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսոյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---