Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Ավրորայի» դափնեկիր Թոմ Քաթինային

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Ավրորայի» դափնեկիր  Թոմ Քաթինային

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա» թեմային:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 15.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստը» թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստը» կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող՝ պատերազմից և սովից տառապող Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը:

Նամականիշի մարումն իրականացրել են 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---